Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հայաստանը հետ գնաց. հեռացող դեսպանի ափսոսանքը

Հայաստանը հետ գնաց. հեռացող դեսպանի ափսոսանքը
25.11.2014 | 13:05

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտում է Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Այս դեսպանն իր շատ գործընկերներից տարբերվել է նրանով, որ հաճախ, շատ հաճախ հանդես է եկել համարձակ գնահատականներով՝ զերծ դիվանագիտական քողածածկույթից, երբեմն անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական անցուդարձին:

Ռաչինսկին երեկ ասուլիս է տվել, որով ամփոփել է իր հայաստանյան դիվանագիտական առաքելության հնգամյակը: Հրաժեշտի ասուլիսները սովորաբար ուղեկցվում են բարի նոտաներով, շնորհակալական խոսքերով, երկու ժողովուրդների բարեկամության մասին հիշատակումներով, ձևակերպումներով, որոնք բնորոշում են երկրների հարաբերությունների զարգացումը:
Այդպիսի ձևակերպումների պակաս Լեհաստանի դեսպանի խոսքում չկար, բայց նաև առկա էին քողարկված դառնություն, հիասթափություն, ինչը նաև հետևանք էր անձնական դիվանագիտական առաքելության ձախողման: Լեհաստանը Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի կարևոր դերակատարներից մեկն է, ու Ռաչինսկին նաև իր անձնական ողբերգությունն է համարում այն հանգամանքը, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումից:
Դեսպանի երեկվա ասուլիսում Հայաստանի իշխանությանն ու հասարակությանն ուղղված հանդիմանություն չկար ու առհասարակ՝ եվրոպական մայրաքաղաքներում սկսել են ըմբռնումով մոտենալ Սերժ Սարգսյանի անցյալ տարվա սեպտեմբերի 3-ի որոշմանը՝ հասկանալով, որ նաև իրենց սխալ, սխեմատիկ քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին միանալու պարտադրված որոշում կայացնի:
Բայց երեկ Ռաչինսկին խոսում էր Հայաստանի կորսված հնարավորությունների մասին, ընդ որում՝ հեռանկարային, ռազմավարական իմաստով: «Ես Հայաստանը ճանաչում եմ գրեթե 30 տարի. ժամանակակից Հայաստանը համեմատում եմ 80-ականների վերջի և 90-ականների սկզբի Հայաստանի հետ և ակնհայտ ձեռքբերումներ եմ տեսնում: Սակայն անկեղծ կլինեմ. 80-ական թվականներին Հայաստանը բազմաթիվ ոլորտներում Լեհաստանից առաջ է եղել և համաձայն ՄԱԿ-ի բնակչության մարդկային զարգացման ցուցիչի՝ Հայաստանն ավելի լավ տեղ էր զբաղեցնում, քան Լեհաստանը: Այսօր ունենք այնպիսի իրավիճակ, երբ Լեհաստանը համարվում է կենտրոնական Եվրոպայի առաջատարներից մեկը և տնտեսության առումով զբաղեցնում է քսաներորդ տեղը, իսկ ԵՄ երկրների շարքում` վեցերորդ տեղը: Բացի այդ, շուտով Լեհաստանի ներկայացուցիչը դառնալու է ԵՄ նախագահը»,- ասել է դեսպանը:
Ինչքան էլ սուբյեկտիվ համարենք դեսպանին ու նրա գնահատականները, նրա ասածների մեջ ճշմարտություն կա, նրա համեմատությունների մեջ՝ իրականություն:
Մեր պետության որակական գահավիժումը եղել է բոլորիս աչքի առաջ: Ընդ որում՝ խոսքը ԵՄ-ԵԱՏՄ այլընտրանքի, Արևմուտք-Արևելք պարզունակ երկընտրանքների մասին չէ:
90-ականների սկզբին մենք ամբիցիա ունեցող երկիր էինք ու համեմատվում էինք մերձբալթյան, կենտրոնական Եվրոպայի երկրների հետ: Հետո՝ սպառողական հոգեբանությամբ, շատ իդեալներ ու երազանքներ մսխեցինք, սկսեցինք պարփակվել մեր փոքր արեալում, առաջնորդվեցինք «մենք ենք, մեր սարերը» փակուղային հոգեբանությամբ, իսկ հիմա մեզ ուրախացնում է մեր որակական առավելությունը հարևան Ադրբեջանի նկատմամբ:
Այսպիսի մտածողությունը բնորոշ է հավակնություններ չունեցող, օրվա դարդ ու ցավով ապրող ժողովուրդներին ու պետություններին, իսկ 80-ական թվականներին Հայաստանին բազմաթիվ ոլորտներում զիջող Լեհաստանն այսօր բրյուսելներում հավասարը հավասարի հարաբերվում է Ֆրանսիայի, Գերմանիայի հետ:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ